ԷԴՈՒԱՐԴ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԲԱԲԱՅԱՆ Ծնվել է 1972 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանի ԽՍՀ-ում։ 1974 թվականից ապրում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ 1992-1993 թվականներին ծառայել է ՀՀԶՈՒ-ում։ Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել է Լաչինի միջանցքի և Քարվաճառի ազատագրման գործողություններին։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 1988 թվականին ավարտել է Աբովյանի թիվ 9 միջնակարգ դպրոցը: 1989-1991 թվականներին կրթություն է ստացել «Մեքենաշինական» տեխնիկումում: 2002-2006 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի սպորտի մանկավարժության և կառավարման ֆակուլտետը` ստանալով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, ձյուդոյի մարզիչի որակավորում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 1979 թվականից առ այսօր զբաղվում է սպորտով, արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների: 1996-1997 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն)։ 1998-2004 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ 2004-2018 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում: 2017 թվականից հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական (հասարակական հիմունքներով)։
ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով: 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Աբովյան բազմաբնակավայր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում` 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, Աբովյան համայնքի ավագանու ձայների մեծամասնությամբ ընտրվել է համայնքի ղեկավար։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։ |